բաժին
Նորություններ
Հայտարարություններ
Մասնակցած ծրագրեր
Գործընկերներ
Հաջողության պատմություններ
Մամուլը մեր մասին
Երիտասարդական Բանկ
ՀԿ կազմը
Հղումներ
Կայքի մասին
Նամականի







 

Երիտասարդության Արեւելյան Քամի, միջազգային թրեյնինգ-դասընթաց / Eastern Wind of Youth, International Training Course
06-11-2011
"Երիտասարդությունը շարժման մեջ" ծրագրի շրջանակներում ս.թ. Նոյեմբերի 6-14-ը 28 երիտասարդներ հավաքվելու են մասնակցելու` "Երիտասարդության Արեւելյան Քամի" /Eastern Wind of Youth/ միջազգային դասընթացին, որ տեղի է ունենալու Հայաստանի գեղատեսիլ քաղաքներից մեկում` Դիլիջանում: Ծրագիրը շրջանակներում նախատեսվում է բարձրացնել Եվրոպայում կամավորության հնարավորության մասին երիտասարդների իրազեկությունն և մասնակցությունը, ինչպես նաեւ ստեղծել յուրօրինակ հարթակ` տեղական եւ միջազգային ծրագրեր պլանավորելու և ավելի շատ երիտասարդներ "Երիտասարդությունը շարժման մեջ" ծրագիրում ներգրավելու` վերջիններիս մասնակցությունն և կամավորության մասին իրենց զգացողությունը խորացնելու նպատակով: Դասընթացների ընթացքում մասնակիցները` Հայաստանից, Բելառուսից, Հունգարիայից, Իտալիայից, Լիտվայից, Նիդեռլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Լեհաստանից կփորձեն գտնել ընդհանուր կապող մի օղակ` իրենց անձնական ու մասնագիտական կարողությունների բարելավման, հետագայում "Երիտասարդությունը շարժման մեջ" ծրագրի շրջանակներում միջազգային երիտասարդական նախագծերի իրականացման համար: Ծրագիրը կիրականացվի "Digg'Out" հոլանդական կազմակերպության (հիմնական համակարգող) և "Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի" ("ԴԵՀԿ" ՀԿ) համագործակցությամբ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ
31.12.2010
Հիմա, հավանաբար, մեզնից յուրաքանչյուրն էլ տարեմուտի հոգսերով է զբաղված: Տանտերերը խորովածի պատրաստություն են տեսնում, տանտիրուհիները տոնական սեղանների վերջին շտկումներն են անում, երեխաները Ձմեռ պապիկի գալուն են սպասում: Սակայն կարծում եմ, ամեն պարագայում, մարդիկ կլինեն, ովքեր ժամանակ կգտնեն մեր կայքը այցելել ու տեղեկանալ նորություններին:

Անկեղծ լինեմ, ու ասեմ, որ 2010թվականը մեր ՀԿ-ի համար անցնցում չէր, ինչն ավելի հետաքրքիր դարձրեց աշխատանքը: ՀԿ-ի առաքելությունը ուրիշ է, մանավանդ կամավորներինը կասեի բարդ, պատասխանատու, չեմ վախենում ասել` նաև անշնորհակալ: Բայց ամեն դեպքում կյանքը պայքար է, պիտի պայքարել ու հասնել նպատակի. առանց պայքարի, հավատացեք` կձանձրանայինք:

Հաշված ժամեր հետո 2011-ը կբախի մեր դուռն ու ներս կմտնի: 2011թ-ը ըստ աստղագուշակների թեժ է լինելու ու աշխատանք շատ է պահանջվելու: Գուցե սա է պատճառը, որ եկող տարվա խորհրդանիշերը մի քանիսն են` նապաստակ, ճագար, կատու: Ուզում եմ, որ նապաստակի նման խորամանկ լինենք, բայց ոչ երկչոտ, ճագարի նման հնարամիտ լինենք, բայց ոչ նենգ, ու կատվի նման ճկուն, որ երբ վայր ընկնենք, ապա ոտքի կանգնենք ու շարունակենք մեր ընթացքը: Հաղթանակած դուրս գանք ցանկացած վիճակից: Հաղթվողի դեպքում էլ, տա' Աստված, որ անկորուստ լինենք:

Սիրելի կամավորներ,

Հարգելի գործընկերներ,

Շնորհակալ եմ բոլորին` վստահության ու հավատարմության համար: Մեր ընթացքը անխափան է, արդյունքը` հաշվելի, պայքարը` միասնական: Ուրեմն թող կեսգիշերին ու միշտ Ձեր ընտանիքներում պայթեն շամպայները` որպես առողջության, սիրո, հաղթանակի նշան: Թող Ձմեռ պապիկը պատասխանի մեր նամակներին ու բոլորիս ցանկությունները կատարի: Բարի Ամանոր ու Սուրբ Ծնունդ բոլորիս: Շնորհավոր 2011թ.

ՀԿ նախագահ Արթուր Ղազարյան

ՄԵՆՔ ԵՐԿՈւ ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ
02.09.2010
Հարգելի երիտասարդներ,

Սեպտեմբերի 2-ին լրացավ "Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" ՀԿ-ի / ԴԵՀԿ ՀԿ-ի/ հիմնադրման եւ գործունեության երկու տարին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս:

Այս երկու տարիների ընթացքում միասին անցել ենք բավականին հետաքրքիր, հաճելի ու միևնույն ժամանակ մարտահրավերներով լի ուղի: ԴԵՀԿ ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր նպատակներին ու առաքելությանը, փորձել է հնարավորինս շատ երիտասարդների մասնակից դարձնել համայնքային զարգացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, ինչպես նաև երիտասարդների ինքնազարգացման ու ինքնադրսևորման գործին:

Արդեն փաստ է, որ "ԴԵՀԿ" ՀԿ գործունեության ու կապերի շնորհիվ երեք տասնյակից ավելի երիտասարդներ մասնակցել են տարբեր միջազգային ու տեղական միջոցառումների` ՀՀ և եվրոպական մի շարք երկրներում, համայնքում կազմակերպվել ու հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ ու մշակութային գեղեցիկ միջոցառումներ, որոնց մասնակցել են 140-ից ավելի տեղաբնակ երիտասարդներ, ՀԿ ծրագրերի արդյունքում ֆինանսավորվել են հինգ մարզային կամավորական ծրագրեր` ընդգրկելով շուրջ 200 շահառուների, ինչպես նաև նախաձեռնվել են մի քանի տեղական բարեգործական ծրագրեր:

Այս ամենը դեռ սկիզբն է. առաջիկայում ՀԿ-ն նախատեսում է պահպանել տարբեր կազմակերպությունների ու անձանց հետ առկա համագործակցությունը եւ ձեռք բերված կապերը, զարգացնելով դրանք` կազմակերպել բազում միջքաղաքային միջոցառումներ, մշակութային ու գիտահանրամատչելի այցելություններ ՀՀ տարբեր մարզեր ու համայնքներ, ինչպես նաև էլ ավելի խրախուսել դիլիջանաբնակ երիտասարնդերի մասնակցությունը համայնքային խնդիրների բացահայտման ու դրանց լուծման գործընթացներում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր այն երիտասարդներին, ովքեր տարբեր ժամանակներում համագործակցել եմ մեր ՀԿ-ի հետ: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր հավատացին ու վստահեցին մեզ` որպես կարող ուժի:

Հարգանքներով` Արթուր Ղազարյան, "ԴԵՀԿ" ՀԿ նախագահ

Օգոստոսի 12-ը` Երիտասարդության միջազգային օր
12.08.2010
Հարգելի երիտասարդներ,

Այսօր օգոստոսի 12-ն է` երիտասարդության միջազգային օրը: Այն նշվում է 2000 թվականից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1999 թվականին ընդունված բանաձևի հիման վրա:

2009թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված մեկ այլ բանաձևի համաձայն, 2010 թ. օգոստոսի 12-ից մինչև 2011թ օգոստոսի 12-ը հայտարարվում է Երիտասարդության միջազգային օր և ամբողջ աշխարհում կանցկացվեն միջոցառումներ` "Երկխոսություն և փոխըմբռնում" խորագրով:

"Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" ՀԿ անունից ի սրտե շնորհավորում եմ մեր քաղաքի բոլոր երիտասարդներին օրվա կապակցությամբ ու ցանկանում նոր կորով ու եռանդ` կայուն ու քաղաքացիական հասարակություն ձևավորելու գործում: Ցանկանում եմ նաև, որ մեր քաղաքի երիտասարդները լինեն ավելի կիրթ ու պատրաստված, ակտիվ ու նախաձեռնող, բանիմաց ու պարտաճանաչ, առաջնորդ ու օրինակելի, քանզի դրանցով է պայմանավորված մեր ու մեր համայնքի բարեկեցությունը:

Երիտասարդության միջազգային տարվա շրջանակներում "ԴԵՀԿ" ՀԿ-ն նախատեսում է անց կացնել մի շարք համայնքային ու միջազգային ծրագրեր, որոնց մասնակիցը կարող էք լինել նաև դուք:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մեզ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ակնկալում եմ Ձեր ակտիվ համագործակցությունը:

Հարգանքներով` Արթուր Ղազարյան, ԴԵՀԿ ՀԿ նախագահ

ՆԱՏՕ-ՀԱՅԱՍՏԱՆ. հարաբերություններ. հանդիպում քննարկում
27.02.2010
Փետրվարի 27-ին Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում, որը նվիրված էր ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին:

Հանդիպումն անց էր կացվում ԴԵՀԿ ՀԿ և Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ և նպատակ ուներ դիլիջանցի երիտասարդների շրջանում բարձրացնել տեղեկատվության մակարդակը վերոհիշյալ կառույցի և նրա գործունեության մասին: Հանդիպումը վարում էր կենտրոնի ծրագրերի պատասխանատու Արմեն Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում համակարգչային պրեզենտացիայի միջոցով հանգամանալից ներկայացվեց ՆԱՏՕ-ի ստեղծման դրդապատճառները գործունեությունը, գործընկերներն ու համագործակցության ծրագրերը: Ներկաները տեղեկացան, որ ՆԱՏՕ-ն ունի 2 գլխավոր` ռազմական և քաղաքական նպատակներ և որ ՆԱՏՕ-ն նաև քաղաքական (ոչ միայն ռազմական) կազմակերպություն է: Որոշումներն դաշինքում ընդունվում են կոլեկտիվ կոնսենսուսով: ՆԱՏՕ-ի ձևափոխումը շարունակական գործընթաց է, ՆԱՏՕ-ն փոփոխվում է միջավայրի հետ մեկտեղ :

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցող երկրների ԱԳԳԾ-ի մասին (Անահատական Գործընկերության Գործողությունների Ծրագիրը), որի նպատակը տվյալ երկրի տնտեսական զարգացման և պաշտպանական ծախսերի միջև հավասարակշռության պահպանման և թափանցիկության բարձրացումն է, ինչպես նաև պաշտպանական պաշարների ավելի արդյունավետ օգտագործումը:

Վերջում ներկաները ստացան ՆԱՏՕ-ի գործունեության մասին պատմող գրքեր:

ԵՐԻՏԱՍԱՐԴՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԴԻԼԻՋԱՆՈւՄ
14.08.2009
Արդեն 10-րդ տարին է, ինչ օգոստոսի 12-ը տարբեր ազգերի ու քաղաքակրթությունների երիտասարդներին միավորում է Երիտասարդության միջազգային օրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի կողմից 1992թ. դեկտեմբերի 17-ին: Միջազգային հասարակայնությունը, փաստորեն, կարևորեց երիտասարդների դերակատարությունը քաղաքացիական հասարակության զարգացման ու կայացման գործընթացներում:

2009թ. օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրը յուրովի նշվեց Դիլիջան քաղաքում. միջոցառումը նախաձեռնել էին Դիլիջանի Երիտասարդական գործունեության ակումբն ու "Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" ՀԿ-ն: Այդ օրը երիտասարդները համախմբված երթ կազմակերպեցին քաղաքի կենտրոնական հատվածից դեպի քաղաքային լիճ, որտեղ էլ կայացավ միջոցառման հիմնական մասը:

Երթի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել երիտասարդության դերի բարձրացման վրա` որպես հասարակության առաջընթացի շարժիչ ուժ: Երիտասարդները երթի ընթացքում տվյալ օրվա մասին տեղեկատվական թռուցիկներ էին բաժանում անցորդներին ու համաքաղաքացիներին:

Քաղաքում տիրում էր տոնական տրամադրություն: Քաղաքային լճի տարածքում տեղի ունեցավ մեծ միջոցառում, որը լի էր երգ ու պարով, իսկ հետո տեղի ունեցավ հեծանվանավակների մրցույթ: Միջոցառմանը ներկա էին քաղաքի հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր, արտասահմանիցներ: Նավակների մրցույթի ժամանակ մրցեցին հասարակական կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչները, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Դիլիջանի գեղարվեստի դպրոցի թիմը:

Մտածի'ր կանաչ: Զգա' կանաչ: Եղի'ր կանաչ:
09.04.2009
Միացի'ր Կանաչ սերնդին, տոնի'ր Երկրի օրը` նվիրի'ր ծառ: Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) 2008թ. դարձավ Earth Day Network-ի (Երկրի օրվա ցանց) տարածաշրջանային գործընկերը: FPWC-ն կոչ է անում համայն հայությանը և բոլոր նրանց, ում մտահոգում է Հայաստանի կանաչ ապագան, նվիրաբերել ծառեր:

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք http://www.fpwc.org կայք էջ:

Եվրոպական իրավունքի և եվրաինտեգրման կենտրոն
01.04.2009
Եվրոպական իրավունքի և եվրաինտեգրման կենտրոնը հայտարարում է իր պաշտոնական ինտերնետային կայքի բացման մասին` http://www.celi.am

Ինտերնետային կայքի ստեղծման հիմանական նպատակն է` հանրությանը տեղեկացնել այն միջոցառումների և ծրագրերի մասին, որոնք իրականացվում են կենտրոնի ուղղակի մասնակցությամբ, ինչպես նաև վերաբերում են Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը: Ինտերնետային էջը ներառում է եվրոպական իրավունքին, եվրաինտեգրմանը և ընդհանրապես Եվրամիությանը վերաբերող աշխատանքային փաստաթղթերի հավաքածուների տարբեր տիպերի նկարագրություններ,տվյալների բազա և այլ օգտակար նյութեր: Ինտերնետային կայքը գործում է հայերեն և անգլերեն լեզուներով:

www.yccd.am










Շնորհավորանքներ
Այստեղ կարող եք շնորհավորել Ձեր հարազատներին և մտերիմներին հետաքրքիր ձայնային հաղորդագրություններով:

 
Սկիզբ | Մեր մասին | Ծրագրեր | Լուսանկարներ | Ֆորում | Հետադարձ կապ
© 2008-2010 "Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" ՀԿ.